Օգոստոսը, որ ավանդույթի ուժով արձակուրդային ամիս է խմբագրակազմերի համար, նույնպես հագեցած էր մարզական խոշոր իրադարձություններով: Ուրախալին այն է, որ ամիսը հաղթական եղավ տարբեր մարզաձևեր ներկայացնող, տարբեր առաջնությունների ու մրցաշարերի մասնակցող հայազգի մարզիկների համար: Հարկավ բացը կլրացնենք մեր ապագա նյութերում՝ գտնելով դրանց մատուցման ձևը, ճիշտ ժամանակային պահը, այլապես ընթացիկ նյութերից էլ հետ կընկնենք: Մի խսքով՝ խնդիր է, որ պիտի լուծենք: Սակայն առանձին էջով չենք կարող չանդրադառնալ համաշխարհային սպորտի ոսկե էջերը կազմած, կազմող, բացառիկության կարգի իրադարձություններին: Այդպսիններից էր օգոստոսի 26-ին ամերիկյան հանրահայտ Լաս Վեգասում կայացած Ֆլոյդ Մեյվեզեր-Կոնոր Մաքգրեգոր մրցամարտը: Հետաքրքիր է, որ սույն մրցակցությանը երբևէ անդրադառնալիս մարզաշխարհը միայն խնդրո մարզական բաղադրիչը չի ունենալու մեկնակետ, քանզի պակաս հետաքրքրական չեն ներկայանում նաև եղածի ցուցքային, ֆինանսական կողմերը ու խոշոր հարց է, թե այս եռյակից որը որին գլխեց:
Գուցեև գրել-կարդալ չգիտի, սակայն գիտի անզուգական հաշվել
Ընթերցողը հարկավ գիտի ինչ ասել է Հարվարդ, ինչ կշիռ ունի այստեղ տեղակայված ուսումնական հաստատությունը համաշխարհային գիտական, կրթական, քաղաքակրթական մտքի ասպարեզում: Եւ ահա այդ Հարվարդի համալսարանը Ֆլոյդ Մեյվեզերի հավաստմամբ, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտի 12-ակի չեմպիոն է, համաշխարհային ռինգում այդպես էլ պարտություն չճաշակած անձ, իր ուսումնական ծրագրերում պարտադրված է ուսումնասիրելու է նրա բիզնես ծրագիրը /խոսքը խառը մարզաձևերից աշխարհի չեմպիոն, իռլանդացի Կոնոր Մաքգրեգորի հետ անցկացրած մրցամարտի ֆինանսական բաղկացուցչի մասին է՝ Մ.Հ./ ու լավ էլ հեգնախառն ավելացնում. «Դրա համար էլ, տղաներ, շարունակեք հավատալ այն ամենին, ինչ ասում են իմ մասին. «Նա չգիտի գրել, չգիտի կարդալ»: Շարունակեք հավատալ այդ ամենին: Ակնհայտորեն ես ինչ-որ բան ճիշտ եմ անում, եթե առանց ֆինանսական ներարկումների արդեն իսկ 800 միլիոն դոլար եմ վաստակել»:
Նկատի ունենալով ամերիկյան հետնախորշերի հետ կապված նրա ծագումնաբանությունը՝ գուցեև Ֆլոդ Մեյվեզերը գրել-կարդալ չգիտի, բայց որ հաշվելու, բիզնես պլան կազմելու առումով ամեն մեկը չի կարող նրա հետ ոտք գցել, ևս մեկ անգամ ապացուցվեց: Ասում ենք՝ «ևս մեկ անգամ», քանզի նրա բիզնես տերության երկու հզոր սյուների մասին վաղուց հայտնի է: Դրանցից մեկը մեծ հատույցով գործող նրա Girl Collection ստրիպ ակումբն է /ինքը բանաստեղծորեն այն անվանում է «ջենթլմենների համար ակումբ»/, մյուսը հագուստի TMT սեփական բրենդը /նա իրականում կարողացել է սեփական անունը բրենդի վերածել ու լիովին արդարացնում է իրեն իր իսկ կողմից շնորհած Money /փող, դրամ/ մականունը: Այս երկուսից զատ, սկսած որոշակի փուլից, երբ կապերը խզեց Բոբ Արումի կամպանիայի հետ, Մեյվեզերը զբաղվում է նաև պրոմոութերական գործնեությամբ: Նրա այս նոր գործակալությունում արդեն կան ոչ քիչ թվով հեռանկարային բռնցքամարտիկներ, ովքեր կայունորեն ավելացնում են նրա ներդրած կապիտալը /յուրաքանչյուր տարի դա կազմում է 75 միլիոն դոլարի կարգի թիվ/:
Գործարքի կոմերցիոն հաջողությունը
Ամենասկզբից էլ Մաքգրեգորի հետ մրցամարտ անցկացնելու նախաձեռնությունը վառ արտահայտված կոմերցիոն բնույթի էր: Լեգենդար բռնցքամարտիկը մեծ ռինգը թողնելուց գրեթե երկու տարի անց վերադառնում էր մրցելու մեկի հետ, ով խառը մրցամարտերի եթե ոչ լեգենդ, համենայն դեպս լեգենդ դառնալու հայտ ներկայացրած մեկն էր ու է, գործող չեմպիոն:
Մաքգրեգորի հետ մրցամարտ կազմակերպելու մեջ կա՞ր ռիսկի գործոնը:
Անվիճելիորեն:
Ընդորում սեղանին շատ մեծ բան էր դրված:
Պրոֆեսիոնալ ռինգում ունեցած իր մարզական մեծ կարիերայում Մեյվեզերն ունեցել էր 49 մարտ: Այդ 49-ում էլ նա հաղթել էր, իսկ ճանապարհին բնավ էլ ոչ քիչ թվով մեծանուն մարզիկներ են եղել: Բան չունենք ասելու՝ ֆիլիպինցի լեգենդար Մենի Պակեաոյի հետ նրա մարտը բավական ուշ կայացավ /Մեյվեզերն այն ժամանակների համար ֆանտաստիկ մեծ գումար էր պահանջել/ ու այդ մարտի ուշանալն ի վնաս Մենիի էր, բայց թե: Գուցե թե իր բարդությամբ կամ դժվարությամբ նրա երկրորդ ամենածանր մենամարտը այն ժամանակներում պարտության մասին հեռավոր իսկ պատկերացում չունեցող Անդրե Բերտոյի հետ էր, սակայն այստեղ էլ Ֆլոյդը տարակարծությունների տեղ չթողեց: Այնպես որ, երբ համաշխարհային բռնցքամարտի թիվ մեկ լեգենդը 2015-ին հեռանում էր ռինգից, հեռանում էր հաղթ ու հպարտ, հեռանում էր այդպես էլ պարտության դառնությունը չճաշակած:
Կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք չենք չափազանցում նրան համաշխարհային բռնցքամարտի թիվ մեկ լեգենդ անվանելով:
Չենք առարկում՝ այս մարզաձևն իսկապես ունեցել է Մոհամեդ Ալիի, Մայք այսոնի, Ռոյ Ջոնս-կրտսերի, Մենի Պակեաոյի ու էլի մի քանիսի նման մեծագույն անուններ: Մենիի մասին վերը մի փոքր ասացինք, ուստի նրան թողնենք հանգիստ: Ի տարբերություն Ջոնսի, Ֆլոյդն իր մարզական կարիերան չվերածեց ֆարսի /հասկանալի պատճառներով այլևս չի էլ կարողանա, քանզի ընդմիշտ հրաժեշտ տվեց ռեինգին/: Նա այսոնի նման բանտի դռները չընկավ՝ քամուն տալով մարզական կյանքի լավագույն տարիները: Մի երկու կոպեկ աշխատելու ու ռինգում էլի մի երկու անգամ ցոլալու հույսով նա Մոհամեդ Ալիի նման չմնաց ու պարտվեց՝ չլինելով արդեն մարտական օպտիմալ տարիքում:
Եվ այնուամենայնիվ հարց է առաջանում՝ երկամյա ընդմիջումից ու այն բանից հետո, երբ մարզումներից անվերադարձ հոգնած նրա օրգանիզմը բառացիորեն հանգիստ էր մուրում, արդյո՞ք 40-ամյա Մեյվեզերն իր մարզական փառահեղ կարիերան հարցականի տակ չէր դնում՝ Մաքգրեգորի հետ այս մարտը նախաձեռնելով: ու արդյո՞ք առնվազն մի քանի տասնամյակով անհասանելի չէր թողնում Ռոկի Մարչիանոյին:
Սակայն ինչպես վկայեց իրադարձությունների զարգացումը՝ Մեյվեզերն ամեն ինչ էր մինչև վերջ հաշվարկել: Որքան էլ մարտի պահին Մաքգրեգորը նրանից տասներկու տարով ջահել, որքան էլ փառահեղ մարզավիճակում, միևնույն է, նա այն մարզիկը չէր, ով կարող էր խոցել Մեյվեզերի պաշտպանությունը, որն անխոցելի եղավ անգամ Ջուդայի, Չավեսի, Ալվարեսի, Պակեաոի նման մեծանուն մարզիկների համար, ովքեր հակառակ Մաքգրեգորի, դասական բռնցքամարտից էին ու ունեին նոկաուտի հասցնող հարված: Ասել է թե ի սկզբանե հայտնի էր, որ դասական բռնցքամարտի չափանիշներով հարված չունեցող իռլանդացին որքան էլ իրեն ճղեր նախամենամարտային ասուլիսներում, թե մրցակցից բան չի թողնի, իրականում հոխորտում էր ու վերջ: Ոչինչ չունենք ասելու՝ այո, օգոստոսքսանվեցյան դիմակայությունում նա 111 հարված է հասցրել Մեյվեզերին /ավելին հաջողվել է անել միայն Կանելո Ալվարեսին/, սակայն անգամ այդքան հարվածներից հետո իռլանդացին մարտադաշտը թողեց պարտված: Մատուցենք պատշաճը՝ այդքան անգամ Մեյվեզերին կպնելն արդեն իսկ հաղթանակ է՝ նկատի ունենանալով խուսանավելու, հարվածը շեղելու նրա ապշեցուցիչ տեխնիկան, սակայն ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ հաղթանակը որոշվում է այլ չափանիշներով:
Ավարտենք:
Որքան էլ հոխորտար Մաքգրեգորը, որքան էլ ջանար կատուն մեջտեղից ձևել, որքան էլ համաշխարհային հանրությունը կուրորեն իրեն հավատացներ, որ այս անգամ իսկապես եկել է Մեյվեզերի վերջը, վերջինս ամեն ինչ մանրուքների մեջ հաշվարկել էր ու հաղթեց բոլոր առումներով:
Այստեղ այդ առումներից միայն մեկը հիշատակենք, հենց այն, ինչն ամրագրված է ենթավերնագրում:
100 միլիոն հոնորարին Մեյվեզերը ավելացրեց ևս 300 միլիոնի կարգի գումար, որոնք գալիս գետ են դառնում գովազդ, հեռարձակում ու էլի այլ բաներ կոչվող վտակներից:
Ուրեմն՝ 400 միլիոնը միայն Մեյվեզերի կտրվածքով:
Իսկ եթե սրան գումարելու լինենք Մաքգրեգորի երաշխավորված 30 միլիոն հոնորարն ու դրան գումարրվելու եկած ևս 40 միլիոնից ավելի գումարը, կարող ենք անկեղծորեն հավատալ իռլանդացուն, ով շտապեց ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ իր մնացած ապրելիք օրերն ապահովագրեց այս մեն մի հատիկ մենամարտով /այստեղ ծիծաղով հիշենք, թե ինչպես ասուլիս-շոուներից մեկում կամենալով ընդգծել հեղինակության առումով իրենց ունեցած քաշային կարգերի տարբերությունը, Մեյվեզերը մրցակցի կողմը պարզեց իր 1,5 միլիոն արժողությամբ ձեռքի ժամացույցը՝ ասելով, որ այն իրեն նվիրել են, իսկ մեծագույն ցանկության դեպքում անգամ Մաքգրեգորը չի կարող այդպիսինը գնել/: Իսկ եթե Մաքգրեգորի երաշխավորված ծերության ուրախությունը թողնենք նրան, նրա ընտանիքի անդամներին ու հավելենք, որ մրցամարտի կազմակերպիչների շահածն էլ պակաս աստղաբաշխական գումար չէ՝ հիշատակվում է 600 միլիոն դոլարի կարգի թիվ, ի՞նչ եք կարծում վերը հիշատակված թվերի պարզ գումարումից չե՞նք ստանա մեկ միլիարդի կարգի թիվ: Հիմա որքան էլ գլխներումս դժվարությամբ տեղավորվի թվաբանական պարզ գործողությունների հանրագումարում առաջացած գումարի այս չափը, ստիպված ենք փաստել, որ մեկ միիլարդ դոլար արժողությամբ մեկժամյա դիմակայությունը ոչ թե ֆանտաստիկա է, այլ՝ կայացած իրողություն ու այն այդպիսին դարձավ շնորհիվ մեկի, ում անունն է Ֆլոյդ Մեյվեզեր:
Մենամարտի բերած ևս մեկ հաջողության մասին
Այս մեկի մասին կարող էինք բնավ էլ չխոսել՝ հույս դնելով մեր ընթերցողի տրամաբանել կարողանալու ունակության վրա, բայց թե, գիտեք, ընտանիքն առանց այլանդակի չի լինում, եթե այս դեպքում այլանդակություն համարենք քթիմազությունը:
Առաջին հայացքից բոլորովին աննկատելի Մեյվեզերը մարզական մեկ այլ նվաճում էլ գրանցեց: Այո, այո, խոսքն առնչվում է Ռոքի Մարչիանոյին, ում անունը վերը կեսբերան հիշատակեցինք ու շատերին թվաց, թե կարող է մոռացության տվեցինք:
Մինչ Մաքգրեգորը Մեյվեզերն ունեցել էր 49 մենամարտ ու բոլորն էլ հաղթական ելքով: Մինչ Մեյվեզերը համաշխարհային բռնցքամարտում մեկն էլ է եղել, ով նույնպես ունեցել էր 49 մենամարտ ու բոլորն էլ հաղթական ելքով: Այդ մեկն, ինչպես գլխի ընկաք, Ռոկի Մարչիանոն է: Մաքգրեգորի հետ ունեցած մրցամարտից հետո Մեյվեզերի անվան դիմաց գրանցված է արդեն հիսուն մարտ: Էլ չմանրանանք՝ ասելով, թե բոլորն էլ հաղթական ելքով /հավատանք ու վստահենք ընթերցողի անվրեպ դատել կարողանալու ունակություններին/:
Մենի Պակեաոյի ու Անդրե Բերտոյի հետ մենամարտերից հետո Ֆլոյդ Մեյվեզերի համար բռնցքամարտում էլ չէր մնացել մեկը, ով արժանի կլիներ նրա հետ ձեռնոց «խաչաձևելուն»: Ինչ խոսք, որ հանուն ռեկորդի կարելի էր մեկին գտնել ու 49-ը 50 դարձնել, սակայն այս դեպքում մարզաշխարհն, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարձագանքեր: Կասեին, չէ՞, թիվը կլորացնելու համար Մեյվեզերը մի թույլիկի գտավ: Ինչ խոսք, որ առժամանակ անց խնդրի զգացմունքային կողմը կնահանջեր, մոռացության կտրվեր ու կմնար ռեալ ռեկորդային թիվը, բայց նման գնով նվաճումները Մեյվեզերի տրամաչափի մարզիկների բանը չէ: Այսպես ասենք՝ Մաքգրեգորն էլ այն մարզիկը չէր, սակայն կներեք, այն մարզիկը չլինելով հանդերձ նա խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն է, գործող չեմպիոն, լեգենդ դառնալու հավակնություններ ունեցող մեկը:
Մեյվեզերը նրա հետ մուկ ու կատու խաղաց ամբողջ տասը ռաունդ ու գտավ, որ այդ տասը իռլանանդացու համար լիուլի բավական է լիովին երջանիկ լինելու համար, մանավանդ որ նախամրցամարտյան ասուլիսներում ամերիկացուն բոլոր հնարավորությունները տվել էր խոսքերով իրեն փշրելու համար՝ փոխարենը բավարարվելով հեգնալից կսմիթներով: Մենք այդ մասին ժամանակին գրել ենք, ուստի չկրկնվենք: Հետևաբար նյութն ավարտենք այս կերպ: Տասը ռաունդը գտնելով մարզասերին գոհացնելու համար լիովին բավականաչափ՝ Մեյվեզերը տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին, ով ամերիկացու հետ այս մարտն անվիճելիորեն համարելու է իր կյանքի գլխավոր մարտը նաև մարզական առումով, թեպետ դրանում պարտություն է կրել: Ֆինանսական բաղկացուցչի մասին չենք ասում, քանի որ վերևում բավական հիմնավոր ենք եղել ասելիքում: Եվ որպեսզի այս ֆինալով տպավորություն չստացվի, թե նյութի գլխավոր դեմքը Մեյվեզերը չէր, այլ Մաքգրեգորը, այսպես եզրափակենք՝ եթե «դարի իրադարձության» կազմակերպումով Մեյվեզերը խաբեց բոլորին, խաբեց նրանով, որ ոչ մի անգամ անձամբ չատահայտվեց Ռոկի Մարչիանոյի ռեկորդի մասին: Սակայն նրա համար իր մարզական կենսագրության հիսուներորդ մրցամարտը առավելագույնս տպավորիչ ու գեղեցիկ շահելը պակաս կարևոր չէր, որքան փողի այդ դեզը վաստակելը: Ֆլոյդը դա արեց բացառիկ նրբագեղությամբ ոչ միայն բիզնես նախագծի, այլև հրաշալի մարզական ծրագիր լինելու տեսակետից՝ ապացուցելով, որ մեծագույնը մեծագույն է ամեն ինչում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ